ՀԾ-Բանկ
Ներդրում և սպասարկում

Բանկային մեծ համակարգ ձեռք բերելիս կամ շահագործելիս ցանկացած կազմակերպության առջև որոշակի խնդիրներ են առաջ գալիս: Որքանո՞վ է հնարավոր համակարգը հարմարեցնել Կազմակերպության յուրահատուկ պահանջներին, առկա կամ սպասվելիք գործառույթներին: Արդյո՞ք հնարավոր է համակարգի միջոցով կատարելագործել եղած աշխատանքային գործընթացը: Ներդրման հետ կապված ի՞նչ աշխատանքներ պետք է կատարվեն և ի՞նչ հերթականությամբ: Ի՞նչ ռեսուրսներ կպահանջվեն ներդրման ամեն հատվածում: Ներդրման ո՞ր ժամկետներն են իրատեսական: Ինչպե՞ս կողմնորոշվել համակարգի բազմատեսակ հնարավորությունների ցանկում:
Այս հարցերի պատասխանները հաճախորդին տրամադրելու համար Հայկական Ծրագրեր ընկերությունը մինչև համակարգի ձեռքբերումը և ներդրումը կատարում է մանրամասն հետազոտական և վերլուծական աշխատանքներ: Դրա շնորհիվ մեր Պատվիրատուները ստիպված չեն ինքնուրույն հաղթահարել ներդրման բարդությունները: Մեր մասնագետները ակտիվ մասնակցում են ամբողջ ներդրման գործընթացին: Պատվիրատուները ստանում են Հայկական Ծրագրեր ընկերության լավագույն փորձի վրա հիմնված լուծումներ:
Ներդրման աշխատանքների մեկնարկից հետո նախ և առաջ կատարվում է համալիր ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվում են հետևյալ հարցերը

  • Բանկի կամ վարկային կազմակերպության կառուցվածքը, աշխատանքի և իրավասությունների բաշխումը ստորաբաժանումների միջև
  • Պատվիրատուի կողմից մատուցվող ծառայությունները և նրանց հաշվառման կարգը։ Այս ուսումնասիրությունը կատարվում է յուրաքանչյուր ստորաբաժանման համար առանձին։ Հիմնական նպատակը` պարզել, թե հնարավո՞ր է առկա ծրագրային հնարավորություններով ապահովել ընթացիկ գործառնությունների հաշվառումը։
  • Ուսումնասիրվում են օգտագործվող ներքին հաշվետվությունների ձևերը և նրանց ստացման հնարավորությունները։
  • Հավաքագրվում են 2-րդ և 3-րդ կետերում նշված աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերված անհրաժեշտ լրամշակումների պահանջները և ուսումնասիրվում են դրանց կատարման հնարավորությունները ու ժամկետները։
  • Ուսումնասիրվում են պատվիրատուի մոտ առկա տեխնիկական միջոցները (համակարգչային ցանց, սերվերներ ... ) և դրանց հիման վրա ՀԾ-Բանկ համակարգի շահագործման հնարավորությունը։

Հաջորդ քայլով կազմվում և պատվիրատուի հետ համաձայնեցվում է ներդրման նախագիծը և նշանակվում են ներդրման պատասխանատուներ` ինչպես Հայկական Ծրագրեր ընկերության, այնպես էլ պատվիրատուի կողմից։ Նախագիծը ներառում է աշխատանքներ հետևյալ ուղղություններով`
  • Անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովում պատվիրատուի կողմից
  • ՀԾ-Բանկ համակարգի փորձնական շտեմարանով տարբերակի տեղադրում
  • Առկա տվյալների տեղափոխում ՀԾ-Բանկ համակարգ
  • Հավաքագրված խնդիրների ծրագրավորում
  • Աշխատակիցների ուսուցում
  • Անցում ՀԾ-Բանկ համակարգին

Ներդրման ընթացքը պարբերաբար ամփոփվում է պատվիրատուի ղեկավարության և ներդրման պատասխանատուների համատեղ անցկացվող խորհրդակցությունների ընթացքում։

Ներդրման ավարտից հետո սկսվում է սպասարկման փուլը։
Սպասարկումը ենթադրում է մշտական խորհրդատվություն համակարգի օգտագործման հետ կապված, համակարգի կողմից վարվող հաշվառման համապատասխանեցում գործող օրենսդրությանը։ Բացի այդ, ուսումնասիրվում և հնարավորության դեպքում կատարվում են պատվիրատուի կողմից ներկայացվող ծրագրային լրամշակումների առաջարկները։ Սպասարկման աշխատանքները կարգավորվում են պատասխանատուների կողմից։ ՀԾ-Բանկ համակարգի սպասարկման պատասխանատուներ նշանակվում են ինչպես պատվիրատուի, այնպես էլ Հայկական Ծրագրեր ընկերության կողմից։ Պատվիրատուն համակարգի շահագործման վերաբերյալ աջակցություն կարող է ստանալ ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ հեռահար միացումների կամ մասնագետների այցելությունների միջոցով։ Պատվիրատուների տրամադրության տակ է նաև մեր ընկերության հաճախորդների սպասարկման ինտերնետային պորտալը։ Պորտալի միջոցով պատվիրատուն հնարավորություն ունի գրանցելու ծրագրի հետագա կատարելագործման հետ կապված իր առաջարկները, ինչպես նաև հետևել դրանց կատարման ընթացքին։ Այստեղ հասանելի է նաև գիտելիքների շտեմարանը, որը կօգնի պատվիրատուի աշխատակիցներին ինքնուրույն գտնել հաճախակի հանդիպող խնդիրների և հարցերի պատասխանները։

Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Բանկ համակարգի պատվիրատուներ