Տեղի ունեցավ ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի ցուցադրում Հայաստանի բանկերի համար
16.01.2015-ին Հայկական Ծրագրեր ընկերությունում տեղի ունեցավ նորաստեղծ ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի ցուցադրումը: Ներկա էին ՀԾ-Բանկ համակարգով աշխատող բանկերի մոտ 30 ներկայացուցիչներ: Ցուցադրման ժամանակ ներկայացվեցին ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունները և կարևոր բնութագրերը: Տեղի ունեցավ մի շարք հարցերի համատեղ քննարկում: Մասնակից բանկերը մեծապես հետաքրքրված էին հավելվածով: Արդյունքում ձեռք բերվեց հավելվածի տեղադրումը բանկերում սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն:
Տեղեկություններ ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի վերաբերյալ
- Հավելվածի նպատակն է` ՀԾ-Բանկ համակարգով աշխատող բանկերի հաճախորդների համար հասանելի դարձնել բոլոր հիմնական բանկային ծառայությունները սմարտֆոնների և պլանշետների միջոցով:
- Հավելվածն անմիջականորեն համակցված է Հայաստանում լայն տարածում ստացած ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի հետ և ապահովում է ՀԾ-ԻնտերնետԲանկի հարմարավետ օգտագործումը փոքր էկրանով սարքավորումների միջոցով: Հավելվածն արդեն ներառում է ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի ամենապահանջված հնարավորությունները:
- Հավելվածի միջոցով կազմակերպություններն ու անհատ անձինք կարող են օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից` տեսնել հաշիվների, պլաստիկ քարտերի, վարկերի, ավանդների և արտարժույթի փոխարժեքների մասին տեղեկանքներ, կատարել փոխանցումներ, կոմունալ վճարումներ և արտարժույթի փոխանակումներ, ուղարկել նամակներ և կատարել մի շարք այլ գործարքներ:
- Հավելվածը նաև օգնում է քարտեզի վրա գտնել բանկի մոտակա մասնաճյուղերը, բանկոմատները, զեղչային ծրագրերով համագործակցող խանութները, ինչպես նաև պարզել դրանց հասնելու ամենակարճ ճանապարհը:
- Հավելվածը մշակված է հետևյալ ամենատարածված պլատֆորմների համար` Android, iOS, Windows Phone: Այն ներբեռնվում է համապատասխան օնլայն հարթակից (App Store, Google Play) և պարզագույն ձևով տեղադրվում է: Հավելվածի հնարավորություններին ծանոթանալու համար հավելվածի ցուցադրական տարբերակները տեղադրված են հարթակներում:
- Կիրառված են անվտանգության բարձրագույն մակարդակն ապահովող ժամանակակից միջոցներ:
- Հավելվածն անընդհատ կատարելագործվելու է` ներառելով նոր հնարավորություններ
- Հիմնական որակական ցուցանիշներով հավելվածը չի զիջում նմանատիպ լավագույն արտասահմանյան համակարգերին: ՀԾ-Բանկ համակարգով աշխատող բանկերում այն ներդրվելու է անվճար` որպես ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի ընդլայնում: